Ռուսաստանաբնակ երգիչ Ժորա Շահինյանը ներկայացրել է երգի նոր տեսահոլովակ՝ «Դու էկել, էկել»
Ռուսաստանաբնակ երգիչ Ժորա Շահինյանը ներկայացրել է երգի նոր տեսահոլովակ՝ «Դու էկել, էկել»։Հինգ օրվա ընթացքում տեսահոլովակը յութուբում ապահովել է կես միլիոնից ավելի դիտում, երգչի երկրպագուներն ակտիվորեն մեկնաբանություններ են գրում։
NewDay.am-ը զրուցել է Ժորա Շահինյանի հետ, ով մեզ մանրամասներ պատմեց տեսահոլովակի վերաբերյալ ՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք սպասում էր, տեսահոլովակը այսքան արագ ճանաչում ձեռք կբերի։
«Երգի երաժշտությունից և բառերից արդեն իսկ երգչի համար մոտավոր պարզ է՝ այն հաջողություն կունենա, թե ոչ։ Ինձ համար հենց սկզբից պարզ էր՝ այս երգը կգտնի իր լսարանը, բայց որ այդքան լայն տարածում կունենա ու կսիրվի՝ չէի պատկերացնում, չնայած նրան, որ երգի անոնսը սոցիալական ցանցերում արդեն իսկ լայնորեն քննարկվել էր»,-պատմեց երգիչը։
Ժորա Շահինյանի խոսքով՝ երգի և տեսահոլովակի ստեղծման վրա աշխատել են ոլորտի լավ մասնագետները։
«Երաժշտությունը ինձ նվիրել է իմ ընկերը՝ տաղանդաշատ երգահան Մխո Մուղդուսյանը, իսկ բառերի հեղինակն է տաղանդաշատ Իշխան Եդիգարյանը։ Տեսահոլովակը նկարահանվել է «ԱրտՖել փրոդաքշն»-ի կողմից։ Տեսահոլովակում պարի և գեղարվեստական մարմնամարզության համադրության մտահաղացումը եղել է իմը․ ցանկացել եմ այն ներկայացնել, որպես արվեստի ճյուղ»,-ասաց նա։
Երգիչը պատմեց նաև իր առաջիկա անելիքների մասին։
«Սփյուռքում հանդես եմ գալիս համերագային ծրագրերով, առաջարկ ունեմ համերգային ծրագրերով հանդես գալ նաև Հայաստանում։ Առաջիկայում ներկայացնելու եմ նաև նոր երգեր, որոնց մասին դեռ փակագծերը չեմ բացի, վստահեցնում եմ՝ իմ լսարանին շատ սպասեցնել չեմ տա»։
Հիշեցնենք՝ Ժորա Շահինյանը հանրությանը հայտնի է «Իմ սեր», «Հավատա»,«Էս աղջիկը» երգերի կատարմամբ, դրանք ևս երգչի երկրպագուների կողմից սիրվել են։
Comments
Post a Comment